Գլխավոր էջ » Կենցաղային տեխնիկայի խնամք
14:49
Կենցաղային տեխնիկայի խնամք

Կենցաղային տեխնիկայի պատշաճ խնամք

 

Կենցաղային տեխնիկա գնելիս նախընտրում եք գնել որակյալ և երկարակյաց ապրա՞նք, Ձեզ համար մեծ նշանակություն ունեն ապրանքանիշը և ապրանքի որակական հատկանիշնե՞րը, սակայն, գիտե՞ք արդյոք, որ ապրանքի երկար և անխափան աշխատանքը մեծապես կախված է հենց Ձեզնից: Ամենաառաջատար արտադրողների ամենաորակյալ արտադրանքն անգամ հաճախ հիասթափության առիթ է տալիս, եթե սխալ է շահագործվում: Մենք կփորձենք մեր խորհուրդներով երկարացնել Ձեր տեխնիկայի շահագործման ժամկետները: Մեր կայքում Ձեր հարցերի պատասխանները չգտնելու դեպքում՝ կարող եք Ձեր հարցերն ուղել service@vesta.am էլ.փոստին կամ ուղղակի զանգահարել (060) 70 - 70 - 70 հեռախոսահամարին: Մեր բարձրակարգ մասնագետները կօգնեն Ձեզ լուծել Ձեր խնդիրները և կտան Ձեզ հուզող հարցերի պատասխանները:

 

Գազօջախ

Գազօջախ  տեղադրելիս, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկալի է դիմել մասնագետի օգնությանը: Եթե մասնագետ չեք,  խուսափեք ինքնուրույն միացումներ տալուց, քանզի կարող է գազի արտահոսք տեղի ունենալ:
«
Գազկոնտրոլ» ֆունկցիայով օժտված գազօջախները հնարավորություն են տալիս խուսափել գազի արտահոսքից, երբ ասենք եռացող թեյնիկից թափված ջրից կամ միջանցիկ քամուց կրակը հանգել է՝ այդ կերպ մեծապես բարձրացնելով անվտանգությունը: Այս ֆունկցիայով օժտված գազօջախները վառելիս անհրաժեշտ է 5-7 վայրկյան բռնակը սեղմած պահել, որպեսզի մինչև ջերմաստիճանային տվիչի (датчик) տաքանալը գազի հոսքը ավտոմատ կերպով չդադարի և այրում կատարվի:
Կայծի ֆունկցիայով օժտված գազօջախների երեսը մի լվացեք առատ  ջրով /հատկապես բռնակների մոտ/, քանի որ ջուրը կարող է ներթափանցել կայծի գեներացման հանգույցի մեջ և անընդհատ կայծ առաջացնել: Նման դեպքում անհրաժեշտ կլինի հոսանքազրկել գազօջախը՝ մինչև ջուրը լրիվ գոլորշիանա:
 Եթե գազօջախը ինչ-որ պատճառով երկար ժամանակ չի շահագործվում, փակեք մուտքային գազի փականը:
 Կան գազօջախների մոդելներ, որոնց գործարանային կոմպլեկտավորման մեջ բացակայում է  հոսանքին միացնելու հաղորդալարը: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ գազօջախները հնարավոր է շահագործել նաև եռաֆազ հոսանքով, ուստի, կախված սնման առանձնահատկություններից՝ տեղադրելիս մասնագետը պետք է կատարի էլեկտրալարի մոնտաժը:
Եթե ծանոթ չեք, պահանջեք, որպեսզի Ձեզ տեղում ծանոթացնեն գազօջախից օգտվելու հիմնական կանոններին:


Լվացքի մեքենա

Մինչ լվացքի մեքենան շահագործելը տեղադրելիս անհրաժեշտ է հեռացնել տեղափոխման պտուտակները (транспортировочные болты) կամ ձողերը /կախված մոդելից/ ռեզինների և տուլկաների հետ միասին:
 Անհրաժեշտ է ջրի մատակարարման կետում տեղադրել փական, որպեսզի հնարավոր լինի օգտագործելուց հետո փակել ջրի հոսքը` կանխելով ջրի ներհոսքը դեպի լվացքի մեքենա:
Լվացքն ավարտելուց հետո ցանկալի է հոսանքազրկել մեքենան:
 Խորհուրդ չի տրվում լվացքի մեքենան օգտագործել խոնավ պայմաններում, քանի որ կարող է կորոզիայի ենթարկվել, էլեկտրոնային համակարգը խոնավությունից կարող է խափանվել:
 Յուրաքանչյուր լվացքի մեքենա ունի շահագործման կանոնների գրքույկ, որտեղ գրված է, թե այս կամ այն ծրագիրն օգտագործելու ժամանակ քանի կգ հագուստ է կարելի լվանալ: Առհասարակ անհրաժեշտ է ծանոթանալ լվացքի մեքենայի ծրագրերին, որպեսզի Ձեր մեքենան անխափան աշխատի: Օրինակ, եթե Ձեր մեքենան լվանում է մինչև 6 կգ, այդ դեպքում բամբակյա շորերը կարելի է լվանալ մաքսիմում քաշով, սինթետիկ շորերի ռեժիմի դեպքում մինչև 2 կգ և այլն, ուստի խնդրում ենք հետևել լվացքի մեքենայի տեխնիկական անձնագրում նշված շահագործման կանոններին, քանի որ սխալ շահագործման դեպքում կարող եք անսարքություն առաջացնել:
 Լվացքի մեքենան պետք է տեղադրվի հարթ վիճակում, որպեսզի քամելիս չթափահարի:
 Էլեկտրական լարման թույլ կամ ուժեղ լինելու դեպքում ծրագիրը կարող է խախտվել կամ ճիշտ չկատարել, հոսանքի կարգավորիչները չեն օգնում նշված խնդիրների լուծման հարցում:


Սառնարան

Սառնարանը տեղափոխելուց, տեղադրելուց երկու-երեք ժամ հետո միայն կարելի է այն միացնել: Այդ ընթացքում սառնարանի դռները բաց թողեք և ներսը մաքրեք սառը ջրով՝ գործարանային հոտերը վերացնելու նպատակով: Հիշեցում, սառնարանի մաքրությունը իրականացնելիս ուշադիր եղեք, որ այն անպայման հոսանքազրկված լինի:
Չնայած նրան, որ որոշ սառնարաններ ունեն ինքնահալեցման համակարգ, այնուամենայնիվ, շահագործման ընթացքում ցանկալի է տարին մեկ-երկու անգամ անջատել այն 24 ժամով, որպեսզի հալեցում կատարվի և շարժիչը հանգստանա: Ցանկալի չէ, որ ամառվա ընթացքում սառնարանի վրա արև ընկնի, նույնքան ցանկալի չէ, որ ձմռան ընթացքում սառնարանը տեղադրված լինի սառը միջավայրում, որտեղ ջերմաստիճանը ցածր է 15 0C-ից:


Հեռուստացույցներ

Հեռուստացույցները (LCD, LED, Plasma) անջատված ժամանակ ցանկալի է հոսանքազրկել` հոսանքի տատանումներից առաջացող հնարավոր խափանումներից խուսափելու նպատակով: Սենյակում ցանկալի է պահպանել +15oC-ից ոչ պակաս ջերմաստիճան: Էկրանը կարելի է մաքրել խոնավ, լավ քամված, փափուկ բամբակյա կտորով միայն անջատված վիճակում  և մաքրելուց հետո 5-10 րոպե չմիացնել, որպեսզի մնացորդային խոնավությունը վերանա:


Մսաղաց

Մսաղացը օգտագործելիս անհրաժեշտ է միսն աղալ կիսասառը, մանր կտորներով, հաց չաղալ, շատ հեղուկ պարունակող բանջարեղեն չաղալ (օրինակ լոլիկ): Ցանկալի է մսաղացի դանակը լվանալ սառը կամ գոլ ջրով, որպեսզի չբթանա:


Թեյնիկ

Թեյնիկները ցանկալի է ամիսը մեկ անգամ լվանալ քացախաջրով, որպեսզի խուսափեք նստվածքների առաջացումից: Նաև անհրաժեշտ է բավարար քանակով ջուր լցնել, որպեսզի թեյնիկի տենը չայրվի:


Բլենդեր

Բլենդերում  հեղուկի առկայությունը պարտադիր է, գոնե այնքան, որ ծածկի դանակը: Դանակն անհրաժեշտ է լվանալ սառը կամ գոլ ջրով:


Հացթուխ

Հացթուխների դեպքում խնդրում ենք խստիվ հետևել բաղադրատարրերի չափաբաժիններին:


Հյութահան

Հյութահանն օգտագործել բացառապես պինդ ու թարմ մրգերի դեպքում: Հյութահանի ցանցը ցանկալի է լվանալ սառը կամ գոլ ջրով:


Միկրոալիքային վառարան

Միկրոալիքային վառարանների մեջ չդնել  ոսկեզօծ նախշերով և մետաղական սպասք, օգտագործել միայն կերամիկական, ապակյա կամ հատուկ միկրոալիքային վառարանների համար նախատեսված տարաներ: Կճեպով ձու կտրականապես  չի կարելի եփել, նրբերշիկը եփելիս ծածկել:


Արդուկ

Արդուկների մեջ ցանկալի է լցնել թորած ջուր, որպեսզի խուսափեք աղակալումից: Ամեն օգտագործելուց հետո ջուրը պարտադիր դատարկեք, ամիսը մեկ անգամ հատուկ կավճի միջոցով և հզոր գոլորշիով արդուկը մաքրել աղերից:


Փոշեկուլ

Փոշեկուլը օգտագործելիս անհրաժեշտ է յուրաքանչյուր օգտագործումից հետո մաքրել ֆիլտրերը, պարկը հաճախակի թափ տալ, 15 րոպե օգտագործելուց հետո դադար տալ, որ շարժիչը սառչի:


Վեստա սերվիս կենտրոնը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր էլեկտրական սարք անջատելուց հետո նաև հոսանքազրկել:

Կատեգորիա: Կենցաղային տեխնիկայի պատշաճ խնամք | Դիտումներ: 8728 | | Տեգեր: kencaghayin texnikayi xnamq, inchpes ogtagortzel texnikan, kencaghayin texnikay ogtagortzman k, կենցաղային տեխնիկայի օգտագործման ձև | - Վարկանիշ -: 2.3/3
Մեկնաբանություններն ընդամենը` 0
omForm">
avatar